«Ֆլաթ» ռադարով ցույց են տալիս, թե ինչպես են այդ ինքնաթիռները իջնում ռազմաբազաներում և զենքերը տեղափոխում Ադրբեջան

Պատերազմի առաջին օրերին՝ երեքշաբթի օրը, Երուսաղեմի հայոց պատրիարքը նամակով դիմեց Իսրայելի նախագահին և խնդրեց դադարեցնել սպառազինությունների և զենքի մատակարարումը Ադրբեջանին, քանի որ դրանք ամբողջությամբ օգտագործվում են խաղաղ բնակիչների դեմ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

«Իսկ երեկ, երբ տեսանք, որ բավական երկարում է պատերազմը, իսկ զենքի ու սպառազինության մատակարարումներն Ադրբեջանին շարունակվում են, Սրբազանը նոր նամակ գրեց՝ այս անգամ երկրի վարչապետ Նեթանյահուին, որով նորից հորդորեց զենքի որևէ վաճառք չկատարել: Նամակում նա հիշեցրել է Իսրայելի վարչապետին, որ դուք որպես հրեա ազգ նույնպես ենթարկվել եք ցեղասպանության ու ջարդերի, և պետք չի, որ դուք նման բան անեք: Որովհետև այդ զենքերը մատակարարվում են մի երկրի, որը այդ զենքն օգտագործում է ուրիշ պետության խաղաղ բնակչության դեմ, պետք է այդ մատակարարումներն ու վաճառքը դադարեցնեք»,- ասաց նա:

Հայր Կորյունը հավելեց, որ արդեն այսօր առավոտյան տեղեկացել են, որ բանավոր հավաստիացում է եղել, որ պետք է դադարեցվի զենքի մատակարարումը. «Պաշտոնական պատասխանը դեռ չենք ստացել: Իրականում Իսրայելը հիմա իր ամենակարևոր տոներից մեկի շրջանում է գտնվում, գրասենյակները չեն աշխատում, բայց հուսանք, որ պաշտոնական տեղեկատվությունը կստանանք: Վստահ ենք, որ նամակներին կպատասխանեն»,- ընդգծեց նա:

Դիտարկմանը՝ ՀՀ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Ռևլինի հետ, որի ժամանակ նշել է, որ իսրայելական զինատեսակները լայնորեն կիրառվում են բնակավայրերին հարվածելու նպատակով, իսկ վերջինս էլ հայտարարել է, թե երկար տարիների համագործակցություն ունեն Ադրբեջանի հետ, և դա ուղղված չէ երրորդ կողմի դեմ, Հայր Կորյունն ասաց. «Ցավալի է, որ չնայած Հայաստանի կողմից տրամադրված բոլոր փաստերին, որ Իսրայելի կողմից վաճառվող զենքերը օգտագործվում են խաղաղ բնակիչների դեմ, փաստորեն Իսրայելը այդ ամենը չի նկատում, չի դադարեցնում զենքի մատակարարումները: Սա ցավալի թեմա է, որի մասին ասված է նամակներում: Ընդ որում, վարչապետին ուղղված նամակի օրինակներն ուղղվել են նաև ԱԳ նախարարին, պաշտպանության նախարարին, Կնեսետի խոսնակին»:

Ինչ վերաբերում է նրան, որ պատերազմի օրերին իսրայելական զենքի մատակարարումները չեն դադարել, նա ասաց, որ այդ մասին հենց հրեական մամուլն է գրում. «Տեղական մամուլը, իսրայելցի բլոգերներն են հայտնում, որ այս օրերին ևս մատակարարումները շարունակվում են: «Ֆլաթ» ռադարով ցույց են տալիս, թե ինչպես են այդ ինքնաթիռները իջնում ռազմաբազաներում և զենքերը տեղափոխում Ադրբեջան»: