ՇՏԱՊ․ Հայկական կողմն իր համաձայնությունը տվել է, որ Ադրբեջանը ․․․

Հայկական կողմն իր համաձայնությունն է տվել, որ Ադրբեջանը Բերձորի հատվածում մի ճանապարհ կառուցի, ինչի արդյունքում մի շարք գյուղեր հայաթափվելու են:«Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:

Ինչպես արդեն հայտնի է, ադրբեջանական կողմը Բերձորը շրջանցող նոր ճանապարհ է կառուցում, որն անցնելու է Ստեփանակերտ-Կրկժան-Ղայբալու-Զառսլու-Լիսագոր-Բերդաձորի ենթաշրջան (Մեծ Շեն, Հին Շեն, Տասը Վերստ, Կանաչ Թալա, Եղցահող) հատվածով և դուրս է գալու Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղի մոտ:

Նշենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հստակ ասվում է, որ երեք տարվա ընթացքում Լաչինի միջանցքի երկայնքով նոր ճանապարհի երթուղու կառուցման նախագիծը պիտի հաստատվի կողմերի միջև, ճանապարհը պետք է ապահովի Հայաստանի ու Արցախի միջեւ ցամաքային կապը, որտեղ պետք է ռուս խաղաղապահներ տեղակայվեն, մինչդեռ ադրբեջանական կողմը շտապում է կառուցել նոր ճանապարհը, ընդ որում, սեփական միջոցներով՝ առանց հայկական կողմի մասնակցության:

Մեզ հետ զրույցում Հայկ Նահապետյանը նկատեց՝ եռակողմ հայտարարության հայկական տարբերակում գրված է, որ ճանապարհը պետք է կառուցվի Լաչինի միջանցքի երկայնքով, իսկ երկայնքը չի նախատեսում, որ ճանապարհը պարտադիր պետք է կառուցվի Լաչինի միջանցքի տարածքում, կարող է նաև Լաչինի միջանցքից 10կմ հեռավորության վրա կամ դրան զուգահեռ երկայնքով կառուցվել.

«Փաստաթղթում հայկական կողմն է ավելացրել երկայնք բառը, ռուսական տարբերակում նման ձևակերպում չկա, Ադրբեջանի կառավարության պաշտոնական կայքում հրապարակված ռուսական և ադրբեջանական տարբերակումներում էլ չկան, ինչու՞ է հայկական կողմն ավելացրել երկայնք բառը, անհասկանալի է, այս ամենի արդյունքում շուրջ 3 գյուղ հայաթափվելու է»,-ասաց Նահապետյանը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջերս Բաքվում հանդես էր եկել խիստ տարակուսելի հայտարարություններով: Մասնավորապես՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ, իսկ ԼՂ խնդրի կարգավորման հիմքում ընկած են բացառապես Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները:

Նկատենք, որ մշտապես Ադրբեջանն է հայտարարել, որ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափ այլևս գոյություն չունի և որ ինքը Արցախի հարցը լուծել է «ուժով»:

Հայկ Նահապետյանի արձանագրմամբ՝ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը գոյություն ունի, չի լուծարվել, բայց գործունեությունը ժամանակավորապես կասեցվել է ու չի բացառվում, որ որոշ ժամանակ հետո այդ ձևաչափը վերականգնվի.

«ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահներն իրենք են ձախողել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները, աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում նրանք են հրաժարվել Ռուսաստանի հետ աշխատանքներ տանել Արցախի հիմնախնդրի հարցով բանակցություններում»,-ասաց նա:

Զրուցակցի խոսքով՝ Լավրովը նաև հաստատել է, որ հետագա բանակցությունների ողջ ելակետը և հենքը լինելու են եռակողմ հայտարարությունները.

«Նախորդ բանակցություններում ինչ արդյունքներ եղել են՝ դրանք, փաստացի, սրբագրել են պատերազմի արդյունքները,նոր իրողություններ են առաջ եկել և այդ նոր իրողությունների շրջանակում ՀՀ վարչապետի պարտականությունները կատարող անձը ստորագրություն է տվել:Սա է իրողությունը, հիմա ինչ արվում է, սկզբունքորեն, ի վնաս Հայաստանի է արվում, բայց դրա համար պետք չէր պատերազմը պարտվել, բայց սա չի նշանակում, որ Արցախի հիմնախնդիրը լուծված է, սրա մասին բազմիցս ՌԴ-ն ասում է»,-ասաց Նահապետյանը:

Իսկ թե այս դեպքում ինչպե՞ս կմեկնաբանի Լավրովի «հետկոնֆլիկտային կարգավորում» ձևակերպումը, որով, ըստ էության, ակնարկել էր, թե Արցախի հարցն այլևս լուծված է, մնում է լուծել «հետկոնֆլիկտային» խնդիրները:

Ըստ Հայկ Նահապետյանի՝ այս ձևակերպմամբ Լավրովը նկատի է ունեցել ռազմական գործողությունների ավարտը.

«Ռազմական գործողությունները, որպես այդպիսին, պատերազմ չեն, քանզի ո՛չ ՀՀ-ն, ո՛չ էլ Ադրբեջանը մեկմեկու պատերազմ չեն հայտարարել, պատերազմ հայտարարելու համար միջազգային իրավական գործընթաց կա, եթե պատերազմ հայտարարվեր, ձևակերպումը լրիվ այլ կլիներ»,-ասաց զրուցակիցը:

Աղբյուր` Փաստինֆո