ՀՐԱՏԱՊ․ Կրակոցներ՝ Երևանում վիրավորը «Զոն նայող Անդուլիկն է»

Երեկ՝ մարտի 7-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնի տարբեր հատվածներոմ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ա. Մելոյանի և բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ալիկ Գրիգորյանի գլխավորությամբ։

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է  վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետ Վարդան Վարդանյանի, վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի, ՄՍԴՈՒՀԴՊ վարչության պետ Վահե Մուշեղյանի, Երևանի ոստիկաանպետ Սևան Քոչարյանի, Երևանի ոստիկանության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ պարզել են, վիրավորն է Երևանի բնակիչ՝ 26-ամյա Անդրանիկ Ներսիսյանը։

Ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից։

Արդեն տեղում ոստիկանները և Մալաթիա-Սեբաստիայի դատախազ Դավիթ Վեքիլյանը օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Անդրանիկի փողոցի 115 շենքի 1-ին հարկի շքամուտքի դիմաց, որտեղ անհայտ անձը չպարզված հրազենից կրակոցներ է արձակել Ա. Ներսիսյանի ուղղությամբ։