Երբ մեր խիղճը ճիշտ է գործում, այն օգնում է հասկանալ, թե ով ենք մենք իրականում

51

Ամեն մարդ ունի իր խիղճը, որը տարբերվում է մյուսների խղճից։ Քո խիղճը կարող է թույլ տալ անելու մի բան, ինչը մեկ ուրիշի խիղճը թույլ չի տալիս։

Իսկ ինչպե՞ս վարվենք այդ դեպքերում, երբ ուրիշի խիղճը թույլ է տալիս անելու մի բան, ինչը մեր տեսանկյունից սխալ է։ Նման դեպքերում պետք չէ քննադատել դիմացինին ու փորձել ցույց տալ՝ ով է ավելի ճիշտ։

Աստված մեզ խիղճ է տվել, որ այն մեզ դատի, ոչ թե ուրիշներին։ Շատ անգամներ ենք հանդիպում այնպիսի մարդկանց, ովքեր չունեն խղճի զգացում, անում են այնպիսի բաներ, որ մադու մարմինն անգամ ցնցվում է։ Ցավոք, նման դեպքերում մարդն երբեմն անկարող է, որևէ բան անել․ հույսը միայն Տերն է, ով մի օր կպատասխանի այդ չարությանը։

Խիղճը Աստծուց տրված պարգև է։ Այն մեր ներքին ձայնն է, որ հուշում է, թե ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ։ Համաձայնեք, մարդուն ճանաչելու համար հարկավոր է տեսնել ու զգալ այն հոգին, որ կա ու գործում է նրա ներսում։

Երբ մեր խիղճը ճիշտ է գործում, այն օգնում է հասկանալ, թե ով ենք մենք իրականում։ Այն կարող է օգնել, որ անկեղծ լինենք ինքներս մեզ հետ՝ անգամ մեր ամենախոր մտքերի ու զգացումների հարցում։ Ամեն պահի, կանգնած ենք ինչ-որ որոշում կայացնելու ճանապարհին։ Այդ որոշումներից յուրաքանչյուրի կայացման հարցում խիղճն ու առողջ բանականությունն է դրված, որը կարող է մղել ճիշտն անել և խուսափել սխալներից։

Երբեմն, ինչ-որ բան անելուց առաջ ինքներս մեզ պետք է հարցնենք. «Աստված ինչպե՞ս կցանկանա, որ վարվեմ»։ Իհարկե, պատասխանը հստակ է՝ ինչպես ինքն է վարվում մեզանից յուրաքանչյուրի հետ։

«Աստված ավելի մեծ է, քան մեր սրտերը. և նա գիտե ամեն բան» (Ա Հովհ. 3:10-20):Սա նշանակում է, որ Նրա սերն ու ներողամտությունը կարող են օգնել, որպեսզի հաղթահարենք մեղավորության կամ ամոթի զգացումը, որքան էլ ուժգին լինի այն։

Հենց այսօրվանից եկեք մտածենք ու գործենք այնպես, որ չտխրեցնենք Երկնավոր Հորը, ավելին, փորձենք ամեն օր ավելի լավ հասկանալ՝ ինչ է Նա կամենում։

Անկախ ամեն ինչից, մտածենք՝ որքան կարևոր է ապրել մի կյանքով, որը լի է Աստծու օրհնություններով, ու այդ կերպ մտածելով՝ չկորցնենք այն մարդկային դեմքն ու կերպարը, որ տրված է մեզ՝ ապրելու և արարելու համար։